Զինված ուժերում ատեստավորման արդյունքում էապես կավելանան պայմանագրային զինծառայողներին տրվող հավելավճարները

Աննա Կոստանյան 11.05.2023 - 15:58
11.05.2023 - 15:58 դիտում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է այսօր լուսադեմին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ինտենսիվ կրակոցների հետևանքով ստեղծված իրավիճակին և ներկայացրել Ադրբեջանի կողմից իրավիճակի սրման հիմնական նպատակները:

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել համապատասխան որոշումներում և սահմանել Պաշտպանության նախարարության համակարգի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման, արդյունքների գնահատման նոր ձևաչափ և ստացած գնահատականների հիման վրա՝ հավելավճարների նոր չափեր:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ համաձայն կատարված փոփոխությունների՝ «ատեստավորման արդյունքներով ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար» եզրակացությունը կայացվում է այն դեպքում, երբ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման արդյունքներով զինծառայողն առնվազն մեկ պատրաստության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից ստացել է «անբավարար» գնահատական: «Ատեստավորման արդյունքներով ենթակա է հաշվարկվելու հավելավճար կամ ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացությունը կայացվում է այն դեպքում, երբ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճաններից ու մասնագիտական գիտելիքների ու ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից զինծառայողն ստացել է «բավարար» կամ «լավ» կամ «գերազանց» գնահատական: Ըստ այդմ՝ առաջարկվում է սպայական կազմի հավելավճարի չափը «գերազանց»-ի դեպքում սահմանել 470 000 ՀՀ դրամ, «լավ»-ի դեպքում՝ 420 000 ՀՀ դրամ, «բավարար»-ի դեպքում՝ 230 000 ՀՀ դրամ, մյուս կազմերի դեպքում «գերազանց»՝ 395 000 ՀՀ դրամ, «լավ»՝ 345 000 ՀՀ դրամ, «բավարար»՝ 205 000 ՀՀ դրամ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ