Զինկոմների միջոցով ռազմաճակատ մեկնած քաղաքացիները վարձատրություն կստանան որպես զինվորական

Հրաչ Սահակյան 23.10.2020 - 22:07
23.10.2020 - 22:07 դիտում

pastinfo.am. Պատերազմական դրության պայմաններում զորակոչված քաղաքացիները կամ նրանք, ովքեր դիմել են կամավորագրվելու և զինվորական կոմիսարիատների միջոցով ռազմաճակատ են մեկնել, վարձատրություն կստանան որպես զինվորական՝ այն օրերի համար, որոնք անցկացնում են ծառայության մեջ։ Նրանց ֆինանսական հատուցման խնդիրն այսպես, թե այնպես օրենքով լուծվում է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը»՝ անդրադառնալով աշխատանքը թողած ու հայրենիքի սահմանների պաշտպանության համար առաջնագիծ մեկնած հայորդիների սոցիալական երաշխիքների խնդիրներին։

Ինչ վերաբերում է սեփական նախաձեռնությամբ և առանց զինկոմիսարիատ դիմելու ռազմաճակատ մեկնած կամավորականներին, ապա Թունյանը պարզաբանեց, որ նախ պետք է հասկանալ, թե քանի հոգի են, ովքեր են, այս պահին պետությունն ինֆորմացիա չունի և չի էլ կարող ունենալ և երբ ժամանակը գա կառավարությունն այդ ինֆորմացիան կճշտի և ըստ նպատակահարմարության կորոշի, թե ինչ պետք է անել։ Այդուհանդերձ՝ Թունյանն ընդգծեց, որ ճիշտ տարբերակը կազմակերպված, զինվորական կոմիսարիատների միջոցով գնալն է։

«Ովքեր որ գնում են զինկոմիսարիատների միջոցով, համարվում են զինվորական ըստ իրենց կոչումի, քաղաքացիական ստաժի, վարձատրվում են»,- ասաց Թունյանը՝ հավելելով, որ օրենքով միշտ այդպես է եղել։

Թունյանը հայտնեց, որ զինկոմիսարիատի միջոցով մեկնողները մեծամասնություն են կազմում և կապ չունի՝ զինկոմիսարիատից են կանչում, թե իրենք են դիմում, համարվում են պահեստազորի մաս և վարձատրվում են։

«Նրանք, ովքեր գնում են կամավոր, այսինքն՝ ոչ այդ ճանապարհով, ֆինանսական բեռի մասին չեն էլ մտածում, գնում են, բայց հասկանալի է, որ իրենց մեջ էլ կլինեն մարդիկ, որոնք կունենան խնդիրներ, բայց այս պահին համապարփակ լուծման համար ինֆորմացիա է անհրաժեշտ»,- նշեց Թունյանը՝ ավելացնել, թե չի կարծում, որ կամավոր ռազմաճակատ մեկնած անձի համար կարող է սոցիալական վատ պայմաններ ստեղծվել և հարցը լուծում չստանա։ «Եթե հաշվի առնենք, թե նյութական և թե այլ աջակցության մասով ինչ համախմբում կա, հասարակությունն ինչպես է ինքնակազմակերպվում և, եթե պետական միջամտության կարիք լինի, ապա այն կլինի»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Աղբյուր` Փաստինֆո

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ