Զբոսաշրջիկներին կողոպտած Գյումրու ավագանու անդամն ու ևս 3 անձ երկու ամսով կալանավորվել են

Աննա Կոստանյան 9.02.2023 - 15:32
9.02.2023 - 15:32 դիտում

Օրեր առաջ Գյումրիում զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկած Գյումրու ավագանու անդամ Աղասի Մաթևոսյանն ու ևս 3 անձ 2 ամսով կալանավորվել են։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղզեկացել է ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեկան օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։

Ավելի վաղ համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ փետրվարի 3-ին՝ ժամը 06:45-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ժամը 03:00-ի սահմաններում ընկերուհու հետ գտնվել է Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում, երբ նրանց է մոտեցել «Նիվա» մակնիշի մի մեքենա, ապա մեքենայից իջած անձինք, որոնք 3-ն էին եղել, սկսել էին խուզարկել զույգին:

Տղամարդու հայտնածով՝ իր մոտից վերցրել էին դրամապանակը և հեռախոսը, իսկ ընկերուհու մոտից՝ նրա և իր ՌԴ քաղաքացու անձնագրերն ու հեռախոսը։ Նշված անձինք վիճաբանել էին զբոսաշրջիկների հետ, ինչից հետո նրանցից մեկը, տղամարդու դրամապանակից վերցնելով 910 եվրո, հեռացել էին:

Պարեկային ծառայողները և Ախուրյանի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում Գյումրու Թեհլերյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և «Նիվա»-ով հանդերձ Ախուրյանի բաժին էին տեղափոխել 4 տղամարդուն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ