Երկու երիտասարդ օժանդակել է 2019 թ. Սևան-Մարտունի ավտոճանապարհին Նորատուսի 40-ամյա բնակչի սպանության կատարմանը. նրանց մասով նախաքննությունն ավարտվել է

Աննա Կոստանյան 20.10.2023 - 14:48
20.10.2023 - 14:48 դիտում

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչութ­յան մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2019 թ. Նորատուս գյուղի բնակչի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 2 մեղադրյալի մասով:

«2019 թ. նոյեմբերի 2-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձը իր մոտ ապօրինի գտնվող ինքնաձիգից կրակահերթ էր արձակել Նորատուսի բնակչի՝ Սևան-Մարտունի ավտոճանապարհով երթևեկող «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինս մահացել էր, իսկ մեքենայում գտնվող նրա համագյուղացին՝ ստացել մարմնական վնասվածքներ:

Իրականացված քննչական անհրաժեշտ գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, պարզվել է, որ Երևանի բնակիչներ Հ.Մ-ն և Հ.Դ.-ն քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձի հետ համաձայնության են եկել վրեժխնդրության շարժառիթով 40-ամյա տղամարդու սպանության իրականացման շուրջ։ Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով անհայտ անձը ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել հրազեն հանդիսացող ինքնաձիգ։ Հ.Դ.-ն նրան, որպես հանցագործության կատարման միջոց, Հ.Մ.-ի միջոցով տրամադրել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա, որը Հ.Դ.-ն վերցրել էր Երևան քաղաքի մի բնակչից՝ մեկ այլ անձի վարձույթով տրամադրելու պատրվակով: Այնուհետև, վարույթով դեռևս չպարզված անձինք նշված ավտոմեքենայով Երևան քաղաքից մեկնել են Գեղարքունիքի մարզ, որտեղ՝ Սևան-Մարտունի ավտոճանապարհի Նորատուս համայնքի մոտակայքում դարանակալել և սպասել են 40-ամյա տղամարդուն: Հետո, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելու ընթացքում իրենց վարած ավտոմեքենայով հետևելով վերջինիս՝ ժամը 09․30-ի սահմաններում վազանցել են այն, և անհայտ անձը «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի տանիքի հատվածում դիտանցքից իր մոտ առկա ինքնաձիգից կրակահերթ է արձակել «ՈՒԱԶ»-ի ուղղությամբ։

Արդյունքում 40-ամյա տղամարդուն պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի, իսկ նրա ուղևորին՝ թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Հանցանքի կատարումից հետո անհայտ անձինք վերադարձել են Երևան, որտեղ Հ.Մ.-ն, նախապես խոստացված կերպով օժանդակելով սպանության կատարմանը, «Մերսեդես Բենցի» վրա գտնվող կրակոցի արգասիքները վերացնելու նպատակով այն տվել է լվացման:

Բացի այդ, Հ.Դ.-ն ավտոմեքենան լվացել է Երևանի մեկ այլ ավտոլվացման կետում՝ դրա վրա առկա հետքերն իսպառ վերացնելու՝ հանցանքի նախապես խոստացված պարտակում կատարելու նպատակով: Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա՝ Հ.Մ.-ին և Հ.Դ.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Հիշյալ երկու մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, և նրանց մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով: Ձեռնարկվում են միջոցառումներ ինչպես սպանությունը կատարած, այնպես էլ դրա կատարմանն օժանդակած այլ անձանց ինքնությունները պարզելու, հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ