Եվրախորհրդարանը պահանջում է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ բացել Լաչինի միջանցքը

Աստղիկ Խաչատրյան 18.01.2023 - 23:43
18.01.2023 - 23:43 դիտում
Եվրախորհդարանը պահանջել է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը և խստորեն դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի 2022թ. սեպտեմբերի ագրեսիան։ Այս մասին ասվում է «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևում, որն այսօր ընդունվել է Եվրոպական խորհրդարանում։
«Սեպտեմբերի ագրեսիան Ադրբեջանի կողմից զինադադարի խախտում է և լուրջ հետևանքներ ունի խաղաղության գործընթացի համար»,– ասված է զեկույցում։
Ընդունված բանաձևում ասվում է, որ ռազմական միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնել հնարավոր չէ։
«Դա պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին` ներառյալ ՄԱԿ կանոնադրությունը, ԵԱՀԿ 1975 Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ 2009թ. հիմնարար՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները»,– ասված է բանաձևում:
Նշվում է նաև, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն հարգվի, և կոչ է արվում ադրբեջանական իշխանություններին անմիջապես դուրս բերել զորքերը Հայաստանի բոլոր տարածքներից:
Զեկույցում մտահոգություն է արտահայտվում նաև Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ պատերազմական հանցագործությունների ու անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ և կոչ է արվում ադրբեջանական իշխանություններին ազատել իրենց հսկողության տակ գտնվող ռազմագերիներին:
Նշվում է, որ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ցանկացած խորացում պետք է լինի պայմանական՝ կախված երկրի կողմից մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության ու հիմնարար ազատությունների հարգման ուղղությամբ էական առաջընթացի ապահովումից:
Ըստ CFSP զեկույցի՝ Թուրքիայի վերաբերյալ հատվածում նշվում է Հարավային Կովկասում, ի թիվս այլ տարածաշրջանների, երկրի շարունակական ապակայունացնող գործողությունների մասին:
Նշենք, որ CFSP-ն արտաքին քաղաքական հարցերով ԵԽ տարեկան հիմնական զեկույցն է և դրանում որևէ ձևակերպման համաձայնեցում ու ընդունում ձևավորում է ԵԽ միասնական քաղաքական գիծը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ