Ես ոչ մի տեղ չեմ գնում․ Վրաստանի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ

Աստղիկ Խաչատրյան 16.10.2023 - 22:32
16.10.2023 - 22:32 դիտում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը վճռել է, որ նա խախտել է երկրի սահմանադրությունը՝ այլ պետություններ առանց կառավարության համաձայնության այցելելով:

«Ես ոչ մի տեղ չեմ գնում, հրաժարական չեմ տալիս։ Մնալու եմ այնտեղ, որտեղ ամբողջ կյանքիս ընթացքում եմ եղել, և ինչի համար եկել եմ Ֆրանսիայից, մնացել այստեղ ու պայքարում եմ մեր երկրի եվրոպական ապագայի ու ժողովրդավարության համար»,- ասել է Զուրաբիշվիլին իր հեռուստաուղերձում։

Խոսելով Սահմանադրական դատարանի որոշման մասին՝ նա հայտարարել է, որ վրդովված է և կարծում է, որ դատավորները պետք է ամաչեն նման վճիռ կայացնելու համար։

Վրաստանի ղեկավարի խոսքով՝ ինքը նախատեսում է մասնակցել խորհրդարանի նիստին, որին քվեարկելու են իմփիչմենթի հարցով։

Հիշեցնենք, որ Վրաստանի Սահմանադրական դատարանը վճռել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի Սահմանադրությունը։ Խորհրդարանի պատգամավորների՝ նախագահի իմփիչմենթի վերաբերյալ սահմանադրական հայցը պաշտպանել է Սահմանադրական դատարանի վեց անդամ, երեքը դեմէ հանդես եկել։ Այժմ խորհրդարանը երկու շաբաթվա ընթացքում պետք է քննարկի և քվեարկի նախագահին իմփիչմենթի միջոցով պաշտոնանկ անելու հարցով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ