Եռակողմ հայտարարության մեջ «միջանցք» բառ չկա, չկա գրված Հայաստանի սուվերենության որևէ սահմանափակում. Փաշինյան

Աննա Կոստանյան 8.02.2023 - 17:43
8.02.2023 - 17:43 դիտում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ դժվարություններ պետք է հաղթահարվեն ԵԱՏՄ երկրների միջև համագործակցությունն ավելի խորացնելու համար:

Նիկոլ Փաշինյանը հարցը բաժանեց մի քանի շերտերի, որովհետև ԵԱՏՄ շրջանակներում ի սկզբանե եղել և շարունակել է մնալ ԵԱՏՄ երկրներում գոյություն ունեցող արգելքների և սահմանափակումների մասին արձանագրումը: Խոսքն այն մասին է, որ երկրների օրենսդրություններում կան դրույթներ, որոնք հակասում են ԵԱՏՄ իրավապայմանագրային բազային կամ ոգուն, և, ինչպես նշեց վարչապետը, ԵԱՏՄ մարմիններն աշխատում են այդ արգելքները վերացնելու ուղղությամբ:

«Իհարկե կան թեմաներ, որոնք շարունակում են բանակցությունների սեղանին լինել, և դրանցից մեկը գազի միասնական շուկայի ձևավորման մասին է, և այդ ուղղությամբ, պետք է խոստովանել, որ հսկայական աշխատանք է կատարվել, բայց կան նրբություններ, որոնք դեռ կարիք ունեն հասցեագրման և լուծման, և մեր ընկալումն այն է, և կարծես թե կա ըմբռնում, որ պետք է շարունակենք քննարկումները մինչև այդ հարցերի լուծումը»,- նշեց վարչապետը:

Անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեմային՝ Փաշինյանը նկատեց, որ մենք ԵԱՏՄ-ի հետ ցամաքային մեկ կապող օղակ ունենք՝ Վերին Լարսի ճանապարհը, և մենք շահագրգիռ ենք, որ ճանապարհները բացվեն:

«Այնպիսի տպավորություն է, որ մեր շուրջը բոլորն ուզում են, որ ճանապարհները բացվեն, իսկ մենք դիմադրում ենք. ո՛չ, ընդհակառակը. ամենաշատը մենք ենք ուզում, որ այդ ճանապարհները բացվեն, և դիմադրում են մյուսները: Մենք ենք ամենաշատը շահագրգիռ, որովհետև մենք ենք, որ 30 տարի եղել ենք շրջափակման մեջ: Ուրիշ որևէ մեկն այդ ճանապարհների կարիքն ավելի շատ չունի՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան, իրենք բոլոր ճանապարհների այլընտրանքներն ունեն: Քանի որ բոլորը հասկանում են, որ մենք ամենաշատն ունենք այդ ճանապարհների կարիքը, փորձում են այդ ճանապարհները բացելու գինը մեզ համար ավելացնել: Մենք ասում ենք՝ չէ՛, եկեք այն, ինչ գրել ենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ճշգրիտ իրականացնենք, և այն, ինչ չենք գրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, մի՛ վերագրեք եռակողմ հայտարարությանը:

Վերջերս Ադրբեջանի նախագահն ինքն ասաց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում «միջանցք» բառ չկա, չկա գրված Հայաստանի սուվերենության որևէ սահմանափակում. չկա գրած ՀՀ օրենսդրության կիրառության որևէ սահմանափակում, և բառիս իսկական իմաստով արձանագրում եմ, որ մենք հենց վաղը պատրաստ ենք այդ բոլոր գործողությունները իրականացնել և մեկնարկը տալ»,- ասաց վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ