ԵՄ-ն ՀՀ-ին հատկացնում է հավելյալ 24 մլն․ եվրո դրամաշնորհ COVID-19 դեմ պայքարի շրջանակում

Աննա Կոստանյան 23.12.2020 - 14:58
23.12.2020 - 14:58 դիտում

Այսօր Եվրոպական միությունը հայտնել է ՀՀ կառավարությանը ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով Հայաստանին հավելյալ 24 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։ ԵՄ որոշումը կայացվել է ԵՄ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրված «ՔՈՎԻԴ-19 համավարակի դիմակայման պայմանագրի» շրջանակներում նախատեսված «Միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագիր»-ի մշակման, ինչպես նաև մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսների կառավարման և պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ դրական գնահատականի արդյունքում:
24 միլիոն եվրո արժողությամբ այս նոր հատկացումը ԵՄ-ի կողմից Հայաստանին ՔՈՎԻԴ-19 համավարակի դիմակայման նպատակով տրամադրվող 92 մլն եվրո աջակցության բաղկացուցիչ մաս է՝ միտված օգնելու Հայաստանին ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի դեմ պայքարում և ամրապնդելու երկրի տնտեսական և ֆինանսական դիմակայունությունը։

Այսօր հայտարարված այս աջակցությունը տրամադրվում է ի լրումն նախորդ ամիս տրամադրված 35,6 միլիոն եվրո աջակցությանը՝ լրացուցիչ ֆիսկալ տարածք բացելով Կառավարության առողջապահական և հակաճգնաժամային միջոցառումների իրականացման համար՝ ուղղված ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով տուժած խոցելի խմբերի և ձեռնարկությունների օժանդակությանը։

«Մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության աջակցությունն այս բարդ ժամանակներում և մեր երախտագիտությունն ենք հայտնում ԵՄ-ի կառուցողական և արագ արձագանքի համար՝ ի լրումն նախորդ ամիս տրամադրված 35.6 մլն. եվրո աջակցությանը: Այս նոր հատկացումը տրամադրվել է ՀՀ կառավարության և Եվրոպական միության միջև 2020թ. ստորագրված բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում, որն ուղղված է ՔՈՎԻԴ-19 համավարակի դիմակայմանը: Մենք համոզված ենք, որ այն մեծապես կնպաստի համավարակից Հայաստանի վերականգնմանը՝ օգնելով Կառավարությանը հաղթահարել ճգնաժամի արդյունքում առաջացած դժվարությունները»,- նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ