ԵՄ-ն լիովին հավատարիմ է և աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների անհապաղ վերսկսմանը. հայտարարություն

Աննա Կոստանյան 16.11.2023 - 19:03
16.11.2023 - 19:03 դիտում

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից հայտարարություն է տարածվել:

«Եվրամիությունը դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունը, որի հետևանքով Ղարաբաղի ավելի քան 100 500 հայ ստիպված է եղել արտագաղթել։ ԵՄ-ի առաջնահերթությունն է մարդասիրական անխոչընդոտ աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում մնացած և Հայաստան հեռացած մարդկանց:

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում՝ տեղահանվածների վերադարձի իրավունքը, և թույլ տալ տեղում իրավիճակի շարունակական անկախ մշտադիտարկում իրականացնել՝ ի լրումն ՄԱԿ-ի առաքելությունների այցելությունների:
ԵՄ-ն կրկնապատկել է մարդասիրական օգնության փաթեթը՝ հասցնելով այն 10,45 միլիոն եվրոյի, ինչպես նաև Հայաստանի խնդրանքով ակտիվացրել է ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը:

Հայաստանին 15 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրվի՝ հասցեագրելու սոցիալ-տնտեսական կարիքները, սննդամթերքի ու վառելիքի ֆինանսավորման հարցերը: Քայլեր են ձեռնարկվում՝ նպաստելու Հայաստանի անվտանգությանը, ճկունությանը և ժողովրդավարական ինստիտուտների կայունությանը, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում։

ԵՄ-ն լիովին հավատարիմ է և աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների անհապաղ վերսկսմանը և, որպես արդյունք, խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասված է փաստաթղթում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ