ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը

Աննա Կոստանյան 16.12.2022 - 13:27
16.12.2022 - 13:27 դիտում

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը՝ համաձայնեցնելով հակառուսական պատժամիջոցների իններորդ փաթեթը։ Այս մասին ասված է միության անդամ երկրների գագաթնաժողովի ավարտի ամփոփիչ հայտարարության մեջ, փոխանցում է Reuters-ը։

Եվրամիությունը դեկտեմբերի 15-ին համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը, իսկ գրավոր ընթացակարգը կավարտվի ուրբաթ՝ դեկտեմբերի 16-ի կեսօրին։

Նոր փաթեթով ԵՄ-ն որոշել է ընդլայնել Ռուսաստան արտահանման համար արգելված և պատժամիջոցների ցուցակում հայտնված ապրանքների ցանկը՝ ներառելով սարքավորումներ, որոնք երկիրը կարող է օգտագործել ավիացիոն և տիեզերական արդյունաբերության մեջ։

Նոր պատժամիջոցները պետք է ազդեն նաև ռազմարդյունաբերական համալիրի և Ռուսաստանի տնտեսության մի շարք այլ ոլորտների վրա։

Այսպիսով, պատժամիջոցների նոր փաթեթի օգնությամբ Եվրամիությունը մտադիր է կանխել «ռուսական արդյունաբերական հզորությունների զարգացումը»՝ սահմանափակումների տակ դնելով 169 կազմակերպությունների, որոնց արտադրանքը «կարող է նպաստել Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտի տեխնոլոգիական բարելավմանը», նշում է գործակալությունը։ Մասնավորապես, պատժամիջոցների տակ կհայտնվեն անօդաչու թռչող սարքերի շարժիչները, քիմիական և կենսաբանական սարքավորումները, «անկարգությունների դեմ պայքարի միջոցները» և էլեկտրոնային բաղադրիչները։

Պատժամիջոցների փաթեթում ներառված է երեք ռուսական բանկերի և Համառուսաստանյան տարածաշրջանային զարգացման բանկի հետ գործարքների ամբողջական արգելքը։

Սահմանափակումներ են մտցվել գրեթե 200 անհատների և կազմակերպությունների, այդ թվում՝ զինվորականների, Պետդումայի և Դաշնության խորհրդի անդամների, նախարարների, շրջանների ղեկավարների, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների և կուսակցությունների նկատմամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ