ԵՄ գործունեությունը Հրվ. Կովկասում պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով և կապ չունի հայ-ադրբեջանական կարգավորմանը նպաստելու իրական ցանկության հետ. ՌԴ ԱԳՆ

Աննա Կոստանյան 31.08.2022 - 14:44
31.08.2022 - 14:44 դիտում

ԵՄ գործունեությունը Հարավային Կովկասում պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով, չորեքշաբթի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր կարծիքով, սա որևէ կապ չունի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկության հետ։ Ես կասեի, որ եվրոպացիների այս կեղծ նախաձեռնություններն ավելի շատ նման են միջնորդության դափնիներն անամոթաբար յուրացնելու փորձի, որի տակ ոչինչ չկա»,- ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ Ռուսաստանի աշխատանքն այս ուղղությամբ բերում է կոնկրետ արդյունքների և համապատասխանաբար գնահատվում է կողմերի կողմից։

«Նրանք, ովքեր միջնորդ են ձևանում, չլինելով այդպիսին, ըստ երևույթին, ոչինչ չունեն առաջարկելու և ընդունակ չեն, բայց ուզում են ինչ-որ կերպ իրենց ներգրավվածությունն այստեղ ցույց տալ»,- ասել է Զախարովան:

Միաժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ հայ և ադրբեջանցի գործընկերներից որևէ տեղեկություն չի ստացվել ԵՄ միջնորդությամբ խաղաղության համաձայնագրի տեքստը մշակելու համար աշխատանքային խումբ ստեղծելու պլանների մասին։

Օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Ավելի վաղ, ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարության, թե Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը նախատեսում է համաձայնության գալ խաղաղ համաձայնագրի տեքստը պատրաստող խմբի ստեղծման շուրջ, Հայաստանի վարչապետի գրասենյակը նշել է, որ հանդիպման ավարտին համապատասխան հաղորդագրություն կտարածվի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ