ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովն առաջարկել է չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները

Աննա Կոստանյան 24.01.2024 - 13:45
24.01.2024 - 13:45 դիտում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովը երեքշաբթի լիագումար նիստում առաջարկել է չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Հայտնի է դարձել, որ որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ բուռն քննարկումներից հետո։

Մոնիթորինգի հանձնաժողովը համարել է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չպետք է հաստատվեն առնվազն մեկ տարի։

Թե ի՛նչ ձևով ԵԽԽՎ-ն կսահմանափակի ադրբեջանցի պատգամավորների լիազորությունները, հայտնի կդառնա հունվարի 24-ի կայանալիք նիստում։ Լիագումար նիստը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն սահմանափակել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։

Լիազորությունների սահմանափակումը չի նշանակի Ադրբեջանի մասնակցության դադարեցում Եվրոպայի խորհրդի այլ կառույցներում։

Սահմանափակելու նախաձեռնությամբ նախօրեին հանդես է եկել գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն։

Որպես պատճառ նա նշել է Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակվող խախտումները և քաղբանտարկյալների թվի աճը, ԼՂ-ի դեմ 2023 թ. սեպտեմբերին իրականացված ռազմական ագրեսիան և դրա հետևանքով հարյուր հազարավոր հայերի բռնի տեղահանումը, ինչպես նաև պաշտոնական Բաքվի մերժումը՝ ԵԽԽՎ պատվիրակությանը հրավիրել փետրվարի 7-ին կայանալիք նախագահի ընտրությունը գնահատելու: Նա նաև նշել է, որ Ադրբեջանը թույլ չի տվել ԵԽԽՎ զեկուցողներին 2023 թ. այցելել Լաչինի միջանցք։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ