ԵԽԽՎ դիտորդները կոչ են անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Աստղիկ Խաչատրյան 16.12.2022 - 19:48
16.12.2022 - 19:48 դիտում

«Մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքում ազատ տեղաշարժի ընդհատմամբ, որը զգալի դժվարություններ է ստեղծում բնակչության համար»,- համատեղ հայտարարության մեջ հայտարարել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի և Հայաստանի մոնիթորինգի չորս համազեկուցողները:

«Միջանցքով պետք է շտապ վերականգնվի մարդկանց և ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը։ Կոչ ենք անում 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ»,- ասել են Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Յան Լիդել-Գրեյնջերն (Միացյալ Թագավորություն) ու Լիզ Քրիստոֆերսենը (Նորվեգիա) և Հայաստանի հարցով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենն (Ֆինլանդիա) ու Բորիանա Աբերգը (Շվեդիա):

«Ներկա իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու դիվանագիտական ջանքերը չորեքշաբթի ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը քննարկել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ»,- ասել են զեկուցողները և հավելել.

«Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն ապահովելու անհրաժեշտ ամբողջ քաղաքական աջակցությունը, այդ թվում՝ տարածաշրջանում փաստահավաք առաքելություն իրականացնելու միջոցով»,- եզրափակել են համազեկուցողները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ