ԵԱՏՄ տարածքում ապրանքի պակասուրդ գոյություն չունի. ՀՀ փոխվարչապետ

23.03.2022 - 19:10 դիտում

Միայն լոկալ արտադրությամբ բոլոր խնդիրները հնարավոր չի լուծել։ Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների համատեքստում արդյոք չպե՞տք է լրացուցիչ հնարավորություններ քննարկվեն, մասնավորապես հանրապետության պարենային անվտանգությունն ապահովելու նպատակով:

«Մենք որքան էլ որ մտածենք, ինչքան էլ պահուստների կոնֆիգուրացիա փոխենք, այնուամենայնիվ, ապրանքների շարժ առնվազն ԵԱՏՄ տարածքում պետք է տեղի ունենա, որպեսզի լիարժեք այդ խնդիրները լուծվեն: Դա միայն Հայաստանին չի վերաբերում. դա վերաբերում է բոլորին: Այդ իմաստով կա հստակ պայմանավորվածություն, որ մինչև մարտի 25-ը հանձնաժողովը պետք է փոխադարձ բալանսների հաշվարկ իրականացնի և սահմանի այն քվոտավորված հոսքը, որն անհրաժեշտ կլինի ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգությունն ապահովելու համար:

Քվոտային հոսքը կաշխատի միայն այն երկրների համար, որոնք արտաքին կոնտուրով սահմանափակում դնեն արտահանման համար: Դա իհարկե վերաբերում է առաջին անհրաժեշտության ապրանքներին, և չի բացառվում, որ նման որոշում կայացվի ԵԱՏՄ ամբողջ տարածքի համար: Այս պահին այդքանը կարող եմ ասել: Ինչ վերաբերում է այն հարցին, որ բոլոր խթանները պետք է աշխատեցնել, որ լոկալ արտադրությունը՝ մասնավորապես, առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդամթերքի մասով խթանվի, դա դոգմա է, որովհետև ակնհայտ է, որ տարածաշրջանում պակասուրդ է լինելու, և ոչ թե արտադրության պակասուրդի, այլ լոգիստիկ և տրանսպորտային խնդիրների: Բայց կարող եմ ասել, որ խնդիրը կառավարելի է, լուծելի է, և այս պահի դրությամբ՝ ԵԱՏՄ երկրները շատ կոնսոլիդացված են այդ հարցը քննարկում»,- նշեց Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ տարածքում ապրանքի պակասուրդ գոյություն չունի:

«Ավելի շատ այստեղ շարժերի, փոխանակումների և արտաքին կոնտուրը փակելու խնդիրն է քննարկվում»,- ասաց փոխվարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ