ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտահոգություն են հայտնել հայ֊ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերով

Աստղիկ Խաչատրյան 16.11.2021 - 07:30
16.11.2021 - 07:30 դիտում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆեր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իգոր խովաևը՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բրիս Ռոքֆոյը՝ Ֆրանսիայից) հայտարարությամբ են հանդես եկել, որում խորը մտահոգությամբ են դիտարկում վերջերս տարածաշրջանում տեղի ունեցած միջադեպերը՝ ներառյալ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածները:

Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։

«Համանախագահները նաև կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների համաձայն:

Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը:

Համանախագահները կոչ են անում կողմերին զարգացնել առաջընթացը, որը ձեռք է բերվել Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում՝ շարունակելով ուղիղ երկխոսություն վարել՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման աջակցմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ