«Դուք մեր թշնամին չեք». Բայդենը դիմել է ռուսաստանցիներին

Աննա Կոստանյան 16.02.2022 - 13:09
16.02.2022 - 13:09 դիտում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, երեքշաբթի ելույթ ունենալով Սպիտակ տանը, դիմել է ռուս ժողովրդին՝ հայտարարելով, որ չի հավատում Ուկրաինայի դեմ պատերազմ մղելու Ռուսաստանի ցանկությանը՝ հաղորդում է ТАСС-ը։

«Ես դիմում եմ ռուս ժողովրդին. դուք մեր թշնամին չեք: Եվ ես չեմ հավատում, որ դուք արյունահեղ, կործանարար պատերազմ եք ուզում Ուկրաինայի դեմ՝ մի երկրի ու ժողովրդի, ում հետ այդքան խոր կապեր ունեք»,- ասել է նա:

Բայդենը նշել է, որ Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ի անդամ երկրները մտադիր չեն հրթիռներ տեղադրել Ուկրաինայի տարածքում։

«Թույլ տվեք հստակ ասել, թե մենք ինչ չե՛նք անում։ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն սպառնալիք չեն Ռուսաստանի համար, Ուկրաինան չի սպառնում Ռուսաստանին, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինայում հրթիռներ չունեն: Մենք դրանք այնտեղ տեղակայելու ծրագիր չունենք»:

«Մենք չենք թիրախավորում ռուս ժողովրդին, չենք փորձում ապակայունացնել Ռուսաստանը»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը։

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր չեն նաև իրենց զորքն ուղարկել Ուկրաինա՝ այնտեղ ռազմական գործողությունների դեպքում, սակայն հավատարիմ են լինելու ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության սկզբունքին։

«Մենք ԱՄՆ զինվորականներին չենք ուղարկի Ուկրաինա կռվելու, բայց ուկրաինացի զինվորականներին սարքավորումներ ենք մատակարարել, որպեսզի օգնենք նրանց պաշտպանվել: Նույն նպատակով մենք նրանց մարզում ենք, խորհուրդներ ենք տալիս, տրամադրում ենք հետախուզական տվյալներ: Եվ եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, մենք քայլեր կձեռնարկենք՝ ուժեղացնելու մեր ներկայությունը ՆԱՏՕ-ում, աջակցելու մեր դաշնակիցներին և զսպելու հետագա ագրեսիան»,- ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է մնում իրավիճակի դիվանագիտական ​​լուծմանը։ Նա համաձայնել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկներին։ Բայդենը նաև ընդգծել է, որ միաժամանակ պատրաստ է վճռական պատասխան տալ Ուկրաինայի դեմ ռուսական հնարավոր ագրեսիային։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ