«Դժվարին և երբեմն էմոցիոնալ» քննարկումներից հետո Կլաարը վերադառնում է Բրյուսել

17.09.2022 - 18:25 դիտում

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակման ընթացքում ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կլաարն ընդգծել է, որ այդ հաղորդումները պետք է հետաքննվեն, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:

Նա նշել է, որ անհանգստացնող հաղորդումներ են ստացվում վերջին մարտերի ընթացքում քաղաքացիական անձանց թիրախավորող բռնությունների և ռազմական հանցագործությունների մասին: «Մարդու իրավունքների խախտումների և ռազմական հանցագործությունների մասին բոլոր հայտարարությունները պետք է հետաքննվեն, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն»,- «Թվթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կլաարը:

Նա հայտնել է, որ վերադարձել է Բրյուսել Բաքվում, Երևանում, ինչպես նաև Վիեննայում հրատապ հանդիպումներից հետո։ «Բարդ և երբեմն զգացմունքային մտքերի փոխանակում էր: Շատ խնդիրներ են մնում չլուծված, բայց հույս կա, որ հրադադարը կպահպանվի»,- գրել է նա:

Կլաարը  նաև հավելել է, որ Եվրամիությունը շարունակում է աշխատանքը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ և կայուն համաձայնագրի, որը կապահովի կայուն, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկաս:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ