«Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարանի՝ 21.06.2026 թ. աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի դատավորների կողմից արդեն իսկ բարձրացվել է Սահմանադրական դատարանի դատավորներ Արտակ Զեյնալյանի, Վլադիմիր Վարդանյանի և Սեդա Սաֆարյանի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը: Քվեարկության արդյունքներով դատավորներ Արտակ Զեյնալյանի, Վլադիմիր Վարդանյանի առնչությամբ Սահմանադրական դատարանը կայացրել է գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին համապատասխան որոշումներ: Դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին որոշումը չի ընդունվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն չի ստացել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված թվով դատավորների կողմ ձայները:
Տեղեկացնում ենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հիշյալ հարցով Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սահմանադրական դատարանը, քննելով «Նոր ուժ» կուսակցության դիմումը, որոշել է, որ ՍԴ երկու դատավորները՝ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը, չեն կարող մասնակցել հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դիմումների քննությանը:
