Դատական գործեր, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումների դեպքեր, ծանուցումներ.ԽԱՊԿ-ը հրապարակել է 2020-ի զեկույցը

Հրաչ Սահակյան 26.01.2021 - 15:44
26.01.2021 - 15:44 դիտում

Հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար 2020 թվականն ամենալարված ու փորձություններով լի ժամանակաշրջանն էր: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն՝ ընդգծելով, որ դա ԽԱՊԿ նախորդ բոլոր տարիների դիտարկումների համեմատությամբ է։ Ըստ Աշոտ Մելիքյանի՝ դա պայմանավորված էր նախ՝ Արցախում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմով ու դրա լուսաբանման դժվարություններով, իսկ տարեսկզբից՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում խոսքի ազատության սահմանափակումներով։

«Նշված իրավիճակներում լրագրողների աշխատանքում ի հայտ եկան բազմաթիվ խոչընդոտներ ու բարդություններ: Պետք է նշել, որ երկու պարագայում էլ՝ համավարակի, թե պատերազմի ժամանակ, կառավարությունը որոշումներ ընդունեց, որոնք առնչվում էին լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներին: Մենք դեռ այն ժամանակ ասում էինք և պնդում ենք, որ կորոնավիրուսի հետ կապված լուսաբանման առումով այդ սահմանափակումները անհամաչափ էին, չնպաստեցին իրենց նպատակին հասնելուն: Ոչ հստակ էին պահանջները նաև ռազմական դրության ժամանակ»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Եթե համավարակի հետ կապված սահմանափակումների ընթացքում ԶԼՄ-ների հանդեպ վարչական տույժեր չկիրառվեցին, և ոստիկանությունը բավարարվեց ծանուցումներ ուղարկելով՝ 32 դեպք, ապա նույնը չի կարելի ասել պատերազմով պայմանավորված ռազմական դրության ժամանակահատվածի մասին: 13 լրատվական կայք տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, մեկ դեպքում, երբ խմբագրությունը հրապարակումը չի հեռացրել, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամով։

Ընդհանուր առմամբ, տարվա կտրվածքով լրատվամիջոցների ու լրագրողների հանդեպ տարատեսակ ճնշումների դեպքերի թիվը հասել է 177-ի՝ նախորդ տարվա 134-ի դիմաց։ Արձանագրվել է նաև լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնությունների 6 դեպք՝ 11 տուժողով։ Այս դեպքերից 4-ը տեղի է ունեցել ընդդիմության կազմակերպած հավաքների ժամանակ, իսկ 2-ը Արցախյան պատերազմի օրերին՝ հակառակորդի կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիրախավորման արդյունքում։ Ինչ վերաբերում է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներին, ապա գրանցվել է 90 այդպիսի դեպք, ինչը 18-ով պակաս է նախորդ տարվա տվյալից։ 2020 թվականին հիմնականում պահպանվել է ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների ներկայացվող դատական  հայցերի ինտենսիվ հոսքը. դրանց թիվը 72 է, ինչը նախորդ տարվա արձանագրված թվից պակաս է 20-ով։ Սա, ըստ Աշոտ Մելիքյանի, մեծ տարբերություն չէ, եթե հաշվի առնենք երկրում արտակարգ և ապա՝ ռազմական դրության հետ կապված իրավիճակը։ ԶԼՄ-ների ներգրավվածությամբ դատական գործերի ճնշող մեծամասնությունը՝ 61-ը, վիրավորանքի և զրպարտության հիմքով է, 1-ական՝ անձնական տվյալների պաշտպանության և քրեական իրավունքին վերաբերող հայցեր են, 9-ը՝ աշխատանքային վեճ։ Եվս 2 դեպքում լրատվամիջոցներն են դիմել դատարան՝ տեղեկություն ստանալու իրավունքի խախտման խնդրով։

«Դատական գործերի այս հոսքը մեծապես պայմանավորված է այն բևեռացմամբ, որ տեսնում ենք լրատվական դաշտում: Շատ հաճախ մի ճամբարի լրատվամիջոցների դեմ հանդես են գալիս մյուս ճամբարի քաղաքական գործիչները, ակտիվիստները: Մեծ հաշվով նշանակություն ունի այն, որ լրատվամիջոցների հրապարակումներում շատ-շատ է ատելությունը, վիրավորանքը, զրպարտությունը, կեղծ լուրերն ու մանիպուլյացիաները: Իհարկե, սա լուրջ պատճառ է դատական հայցերի հոսքի համար»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Աշոտ Մելիքյանի խոսքով, շատ անելիք կա լրատվական ոլորտում: Նա անհրաժեշտություն է համարում լրատվամիջոցների մասին մայր օրենքի բարելավումը, քանի որ այն հնացած է: Տարիներ առաջ ընդունված այդ օրենքում տեխնոլոգիական զարգացումներն արտացոլված չեն: Այսօր բազմաթիվ տեղեկատվական հարթակներ կարող են բացվել, իրենց նույնականացնել որպես լրատվամիջոց, բայց չենթարկվել զանգվածային լրատվության մասին օրենքին, նույնիսկ իրենց տվյալներն անհրաժեշտ չհամարեն ներկայացնել:

«Օրենքում բավական ապահովված չեն լրատվամիջոցների ֆինանսական և սեփականության թափանցիկության հարցերը: Դա է պատճառը, որ լրատվամիջոցների բևեռացման պայմաններում ոչ ազնիվ խաղ է տարվում լսարանի հետ: Մարդիկ, կոնկրետ նպատակ հետապնդելով, քարոզչություն են իրականացնում՝ ներկայանալով որպես անկախ լրատվամիջոց: Դա ազնիվ չէ: Երբ այդ թափանցիկությունը լինի, ապա լսարանը կիմանա, թե «քամին» որտեղից է փչում»,-հավելեց Աշոտ Մելիքյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ