Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի նկատմամբ

Աննա Կոստանյան 6.09.2023 - 12:41
6.09.2023 - 12:41 դիտում

2008-2015 թվականներին Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կ.Գ.-ն, տեղյակ լինելով օրենսդրական արգելքի մասին (պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը՝ զբոսայգիները, պուրակները, այգիներն ու ընդհանուր օգտագործման այլ տարածքները չեն կարող սեփականության իրավունքով փոխանցվել քաղաքացիներին և իրավաբանական անձանց), իր լիազորություններն օգտագործել է պետական և ծառայողական շահերին հակառակ, խախտել մի շարք իրավական ակտերի պահանջներն ու օտարել հողատարածքները:

Մասնավորապես.

  1. Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կ.Գ.-ն խախտել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդված պահանջները (օտարման ոչ ենթակա հողատարածքներ), անտեսել՝ Աբովյան քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու վերաբերյալ Կառավարության որոշման պահանջները և Ռոսիա փողոցի 1/4 hասցեում գտնվող զբոսայգու 3 քմ մակերեսով հողատարածքը 1 մլն 858 հազար 100 դրամով օտարել է մարզի դատախազի նախկին տեղակալի քրոջը՝ Ա.Գ.-ին:
  2. Վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Կ.Գ.-ն, տեղյակ լինելով, որ Աբովյան քաղաքի Կոտայքի 1/80 հասցեում գտնվող 2020 քմ մակերեսով օտարման ոչ ենթակա հաղամասը հանդիսանում է պատմության և մշակույթի արժեք, գույքն օտարել է ինքն իրեն: Օտարումից հետո, իր հետ փոխկապակցված անձանց՝ մոր՝ Ն.Ք.-ի, հորեղբոր որդիներ՝ Օ.Գ.-ի և Ս.Գ.-ի, աներոջ հորեղբորորդի՝ Ս.Ծ.-ի հետ նախնական համաձայնությամբ և համակատարմամբ, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը:
  3. Կ.Գ.-ն խախտելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջները, մասնավորեցման ոչ ենթակա ջրավազանն ու դրա պահպանման-սպասարկման համար առանձնացված հողամասն (համապատասխանաբար՝ 0 քմ և 1836.53 քմ) իր օգնական Մ.Հ.-ի օժանդակությամբ օտարել է այդ ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Մ.Մ.-ին:
  4. Կ.Գ.-ն, իր օգնական Մ.Հ.-ի և Համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Ս.Խ.-ի օժանդակությամբ, քաղաքացի Կ.Կ.-ին է օտարել մասնավորեցման ոչ ենթակա 768,5 քմ մակերեսով զբոսայգին:
  5. Կ.Գ.-ն, պարտավորություն ունենալով դադարեցնել քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը և վերացնել դրա հետևանքները, իր ընտանիքի կողմից տնօրինվող, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող, նախկինում ինքնակամ կառուցված՝ 4 քմ մակերեսով երկհարկանի հյուրանոցը, 79.6 քմ մակերեսով պահակատունը, 168.7 գծամետր պարիսպը, ինչպես նաև 6.1 մետր տրամագծով շատրվանը քանդելու ուղղությամբ որևէ գործողություն չի ձեռնարկել: Հակառակը՝ կատարել է պաշտոնեական կեղծիք. հատակագծում չի ներառել հողամասի՝ շինությամբ ծանրաբեռնված լինելու փաստն ու 7175.83 քմ մակերեսով հողամասը ցածր գնով, երկարաժամկետ վարձակալության է տրամադրել իր ընտանիքին պատկանող «Հին Փարվանա» ՍՊ ընկերությանը:
  6. Կ.Գ.-ն, քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել է իր լիազորություններն ու կատարել փողերի լվացում: Մասնավորապես՝ Կ.Գ.-ն 454 մլն 662 հազար դրամ կադաստրային արժեքով բնակելի կառուցապատման հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելով գյուղատնտեսականի՝ ձևական աճուրդների միջոցով, ցածր գնով՝ 712 հազար 400 դրամով, հողատարածքն օտարել է փաստացի իրեն պատկանող՝ «Ա. Ավդալյան» ՍՊ ընկերությանը և օրինականացրել գույքը:
  7. Կ.Գ.-ն, իր օգնական Մ.Հ.-ի, Համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, տեղեկատվության և գործավարության բաժնի պետ Ա.Զ.-ի և «Գիս-Արտ» ՍՊԸ աշխատակից Վ.Վ.-ի առերևույթ հանցավոր գործողությունների արդյունքում, Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա՝ Աբովյան համայնքի գլխավոր հատակագծում որպես ճանապարհ և մայթ նշված հողատարածքը օտարել է ինքն իրեն: Այնուհետև, Կ.Գ.-ն փոխել է շուրջ 84 մլն 253 հազար 50 դրամ կադաստրային արժեքով9 հա արտադրական և արդյունաբերության համար նախատեսված պահուստային տարածքների նշանակությունը գյուղատնտեսականի և ձևական առուվաճառքի պայմանագրերով, 400 հազար 500 դրամով օտարել է իր ընկերոջը՝ Մ.Մ.-ին՝ համայնքին պատճառելով 83 մլն 852 հազար 550 դրամի գույքային վնաս:

Վերոշարադրյալի հիման վրա՝ դատախազը սեփական նախաձեռնությամբ 2023 թվականի սեպտեմբերի 6–ին Կ.Գ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (1 դրվագ), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) (6 դրվագ), 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ) (1 դրվագ), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում) (2 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) (2 դրվագ):

Առերևույթ կատարված հանցավոր արարքների արդյունքում համայնքին պատճառվել է 537 մլն 802 հազար 150 դրամի գույքային վնաս, որից 474 մլն 949 հազար 600 դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է:

Համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում:

Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, մասնավորեցման ոչ ենթակա Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի 1/4, Կոտայքի 1/80 հասցեների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Մ.Մ.-ին օտարված ջրավազանն ու դրա պահպանման-սպասարկման համար առանձնացված հողամասը, գլխավոր հատակագծում որպես ճանապարհ և մայթ նշված և հետագայում Մ.Մ.-ին վաճառված հողատարածքները օտարելու վերաբերյալ ոչ իրավաչափ վարչական ակտերը վերացնելու պահանջներով հայցեր է հարուցել Վարչական դատարան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ