Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզում վերակառուցման աշխատանքներ են ընթանում. Պապիկյան

Աննա Կոստանյան 18.09.2021 - 12:59
18.09.2021 - 12:59 դիտում
Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզում վերակառուցման աշխատանքներ են ընթանում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրով: Այս մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
«Մանկապարտեզի նախկին շենքը գտնվում էր վթարային վիճակում և համարվել էր սեյսմավտանգ: Որոշում է կայացվել մանկապարտեզի շենքի տեղում կառուցել սեյսմակայունության բոլոր չափանիշներին համապատասխան երկհարկանի նախադպրոցական ուսումնական հաստատություն:
Մանկապարտեզն ապահովված կլինի օդափոխության, հակահրդեհային ազդարարման համակարգերով: Ջեռուցումն իրականացվելու է 2 տուրբո կաթսաներով: Տաք ջրամատակարարման համար կտեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ։ Ծրագրով նախատեսվում է նաև տարածքի բարեկարգում ու ցանկապատում, շենքի շուրջ` սալիկապատում, խաղահրապարակների, անցուղիների և ներտարածքային ճանապարհների կառուցում:
Մանկապարտեզը նախատեսված է եղել 75 երեխայի համար, վերակառուցումից հետո այս թիվը կարող է ավելանալ:
Ծրագրի իրականացման համար ներդրվել է 171 միլիոն 188 հազար ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 20 միլիոն 594 հազար ՀՀ դրամ, մյուս մասը ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի ներդրումն է»,- գրել է Պապիկյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ