Գյումրու համայնքապետը հյուրընկալել է թատերարվեստի ներկայացուցիչներին

Աննա Կոստանյան 28.03.2022 - 15:19
28.03.2022 - 15:19 դիտում

Թատերարվեստի մի խումբ ներկայացուցիչներ Գյումրու համայնքապետարանում էին : Թատրոնի միջազգային օրվա առիթով Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հյուրընկալել է Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններին՝ ի դեմս գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի, Մտորումների թատրոնի դերասաններին՝ գլխավորությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, Մտորումների թատրոնի հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանի, Գյումրու Ստ. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասաններին՝ տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանի գլխավորությամբ: Վարդգես Սամսոնյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել բոլորին մասնագիտական տոնի առիթով, միաժամանակ բարձր գնահատել թատրոնի դերը գյումրեցիների կյանքում, խոսել Գյումրու թատերարվեստի բարձր նշաձողի, բերմադրվող ներկայացումների հաջողությունների մասին: Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն էլ նշել է, որ համայնքապետարան-թատրոն կապը մշտապես ամուր է եղել, համայնքապետարանը ցանկացած խնդրի դեպքում կանգնած է եղել թատրոնի կողքին եւ վստահ է, որ այն նույն կերպով շարունակվելու է: Լյուդվիգ Հարությունյանն իր խոսքում կարեւորել է նաեւ համայնքային իշխանության ներկայությունը թատերական ներկայացումների՝ հատկապես առաջնախաղերի ժամանակ: Թատրոնի միջազգային օրվա առիթով, ինչպես նաեւ թատերական արվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի եւ արդյունավետ աշխատանքային գործունեության համար Գյումրի համայնքի ղեկավարի պատվոգրերով պարգեւատրվել են թատերական արվեստի մի խումբ ներկայացուցիչներ: «Արտավազդ-2022»-ին «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար պատվոգիրր է շնորհվել Գյումրու պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Հասմիկ Սուվարյանին, պատվոգիր է ստացել նաեւ Գյումրու պետական դրամատիկական թատրոնը՝ «Արտավազդ-2022»-ին «Մաուգլի» ներկայացման համար «Հատուկ մրցանակ» ստանալու առիթով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ