Գլխավոր դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Հոկտեմբերի 27-ի գործով 2022-ի դրությամբ կատարված քննչական և դատավարական գործողությունների մասին

Աննա Կոստանյան 27.10.2022 - 15:13
27.10.2022 - 15:13 դիտում

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվում է 62207199 քրեական գործը:

2022 թվականի դրությամբ կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, մասնավորապես.

· 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հանցավոր գործողություններին հնարավոր այլ մասնակիցների, դրանք կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց, օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելու նպատակով հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում` Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Անահիտ Բախշյանը, Աշոտ Գասպարյանը, Հրաչյա Սարգսյանը, Կարեն Խաչատուրյանը, Գագիկ Հարությունյանը, Տարոն Սահակյանը և Ժորա Սարգսյանը, այլք:

· Կատարվել են մի շարք առգրավումներ:

Այսպես.

1.Համապատասխան քրեակատարողական հիմնարկներից առգրավվել են խմբի անդամներ Էդուարդ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի և Համլետ Ստեփանյանի անձնական գործերը՝ նրանց մահվան պատճառների վերաբերյալ քննության ընթացքում մի շարք հարցեր պարզաբանելու համար:

2.Ոստիկանության և այլ պետական մարմինների տարբեր ստորաբաժանումներից առգրավվել են այս դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող գործեր, որոնք ներկայում գտնվում են ուսումնասիրության փուլում:

· Առգրավված տեսագրություններով և ձայնագրություններով նշանակվել են տեսաձայնագրային փորձաքննություններ, որոնք գտնվում են կատարման փուլում:

·Ստացվել են գործով դատապարտյալներին տեսակցած անձանց տվյալները:

·Ստացված դիմումների, դրանց կից փաստաթղթերի և սկավառակների շուրջ հարցաքննվել են դիմումատուները, զննվել են ներկայացված փաստաթղթերը և սկավառակները:

Նախաքննության ընթացքում կատարված դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ և դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ