Գերիների վերադարձի համար շուրջօրյա աշխատանք է տարվում. ԱԱԾ տնօրենի տեղակալ

Աննա Կոստանյան 1.06.2021 - 18:07
1.06.2021 - 18:07 դիտում

Սահմանային իրավիճակը նույնն է, բանակցություններ են ընթանում, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ քաշվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:

«Այս պահին նույն իրավիճակն է, ինչ նախկինում կար: Բանակցություններ են ընթանում, որ նրանք հետ քաշվեն: Այդ ընթացքում կորոշվի, թե ինչ կլինի սահմանային իրավիճակը»,-ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը:

Իսկ թե գերիների վերադարձի համար ի՞նչ քայլեր են իրականացնում՝ նա ասաց. «Շուրջօրյա աշխատանք է կատարվում, որ հետ վերադարձվեն»:

Խոսքը թե վերջերս գերեվարված 6 զինծառայողների, թե մյուս գերիների մասին է:

Հարցին, թե ի՞նչ է հաջորդելու՝ նա ասաց, որ խնդիրը լուծվելու է բանակցությունների միջոցով: «Բանակցությունների արդյունքով պետք է փորձենք մեր գերիներին հետ վերադարձնել: Բանակցությունները գործնականում դադարեցվել են, բայց կապով իրար աշխատում են»-ասաց նա ու չմանրամասնեց, թե ովքեր:

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ն:ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին հայտնել էր, որ նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին՝ 1997թ-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի համաձայն: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով առաջարկել է Սոթք-Խոզնավար հատվածում հետ քաշել և հայկական, և ադրբեջանական զինուժը, տանել մշտական տեղակայման վայրեր, տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ: Մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանցիները գերեվարել են 6 հայ զինծառայողի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ