Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել. պատիժը պայմանականորեն չի կիրառվի

Աննա Կոստանյան 9.06.2023 - 15:46
9.06.2023 - 15:46 դիտում

ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով մեղադրվող Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով չորս տարվա ազատազրկման։ Պատիժը պայմանականորեն չի կիրառվի, նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով նիստն այսօր դռնփակ է անցկացվել, որից հետո ամբաստանյալ Գայանե Հակոբյանի պաշտպանները հայտարարել են, որ հրաժարվում են Հակոբյանի պաշտպանությունից: Նրանք լրագրողներին հայտնել են, որ դիրքորոշման փոփոխություն կա իրենց և պաշտպանյալի միջև։ Թեև պաշտպանները հստակ չեն նշել, բայց նրանց խոսքից պարզ է դարձել, որ Հակոբյանն ընդունել է մեղքն ու արագացված դատաքննություն պահանջել: Եվ հենց նա է գործը դռնփակ քննելու միջնորդություն ներկայացրել:

Հիշեցնենք՝ հունիսի 5-ին դատարանը, լսելով դատավարության մասնակիցների կարծիքը, որոշել էր փոխել Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրվող Գայանե Հակոբյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը և ընտրել խափանման միջոց կալանք մեկ ամիս 15 օր ժամկետով։

Մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 1 ամսով կալանավորել Գայանե Հակոբյանին:

Մինչ այդ՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել էր այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքով:

Հիշեցնենք նաև, որ ըստ Քննչական կոմիտեի՝ մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, նշել, որ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլելիս իրեն են մոտեցել 2020 թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները: Նրանցից մի կին ներկայացել է որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել նստել իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, այդ կինն իր համար անսպասելի վարել է այն, ապա նաև ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ: Երբ վարորդը մեքենայի ընթացքը դանդաղեցրել է, Աշոտ Փաշինյանը դուրս է նետվել:

Դրանից վայրկյաններ հետո ուրիշ ավտոմեքենա հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ