Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից

Աննա Կոստանյան 1.07.2022 - 17:08
1.07.2022 - 17:08 դիտում

ԲԴԽ-ից տեղեկացնում են, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից:

Նախօրեին տեղեկացրել էինք՝ Գագիկ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու կապակցությամբ ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Դավիթ Խաչատուրյանի, Մեսրոպ Մակյանի, Անի Մխիթարյանի և Սերգեյ Չիչոյանի անդամակցությամբ ձևավորված հանձնախումբը որոշել է մերժել կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին հրավիրված ասուլիսում հրապարակել էր ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրություն:

Պարզաբանելով հրապարակածը՝ Վարդազարյանը հայտարարել էր, թե իրեն առաջարկվել է հրաժարական տալ՝ երաշխավորելով, որ քրեական հետապնդում չի լինի, ինքը մինչև մարտի 1-ը ժամանակ էր խնդրել:

Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող՝ ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում այդ ձայնագրությունը վեր է հանվել, և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ