Բենզինը լցրել է նախկին կնոջ, նրա ներկայիս ամուսնու ու տալի, նաև իր վրա. մանրամասներ սպանության փորձից

Աննա Կոստանյան 25.07.2023 - 15:17
25.07.2023 - 15:17 դիտում

Հուլիսի 24-ին՝ ժամը 15.30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարում Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչ, 36-ամյա մի կին: Ըստ նրա` նախկին ամուսինը բենզին է լցրել տան վրա, սպառնում է այրել, նաև քարով խփել է իր գլխին:

«Ահազանգը փոխանցվում է ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից օպերատիվ խումբը շտապ մեկնում է Գարգառ: Միջադեպի զարգացումները հնարավոր է լինում կանխել, սակայն պարզվում է, որ նախկին ամուսինը քարով հարվածել է ոչ միայն նախկին կնոջը, այլև նրա ներկայիս ամուսնու քրոջը. հիվանդանոցում ախտորոշում են քունքի և սրունքի սալջարդ ու հեմատոմա:

Ստեփանավանի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ: Ստեփանավանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 17.30-ին նախկին ամուսինը հայտնաբերվում է ու ձերբակալվում: Ուրվագծվում են նաև միջադեպի մանրամասները:

Ժամը 15-ի սահմաններում 35-ամյա վանաձորցի նախկին ամուսինը գալիս է Գարգառ՝ նախկին կնոջ ներկայիս բնակավայրը: Վեճի ընթացքում նա սպառնում է սպանել կնոջը, և այդ ընթացքում մոտը եղած տարայի բենզինը լցնում կնոջ, նրա ներկայիս 55-ամյա ամուսնու ու տալի, նաև իր վրա, սակայն 55-ամյա տղամարդուն հաջողվում է ձեռքից խլել լուցկին ու նրան հրել դուրս: Արդեն դրսում նախկին ամուսինը քարերով հարվածում է նախ 68-ամյա կնոջը, հետո` իր նախկին կնոջը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: 35-ամյա վանաձորցին տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, նախաքննությամբ հանգամանքերը պարզվում են»,- ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ