Բելգիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աննա Կոստանյան 22.08.2023 - 12:59
22.08.2023 - 12:59 դիտում

Պաշտոնական այցով Հայաստանում ժամանած Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 22-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանի ուղեկցությամբ:

«Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Երկու երկրների նախարարները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Բելգիայից ժամանած պատվիրակության անդամները շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Շրջայցի ավարտին տիկին Հաջա Լահբիբը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը տիկին Հաջա Լահբիբին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր և «International Journal of Armenian Genocide Studies» 2022 թ. երկրորդ համարը, որն ամբողջությամբ նվիրված է Արցախի հիմնախնդրին»,- ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ