Բայդենը մանրամասներ է հայտնել Զելենսկու հետ իր զրույցից

12.03.2022 - 13:21 դիտում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «գրեթե ամեն օր» շփվում է Վոլոդիմեր Զելենսկու հետ։ Այս մասին նշում է «Ամերիկայի ձայն»-ը։

Նախագահ Ջո Բայդենը մանրամասներ է ներկայացրել ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկու հետ հեռախոսազրույցի մասին։

«Ես նրան ասացի, ինչպես նախկինում բազմիցս ասել ենք, որ Միացյալ Նահանգները կանգնած է ուկրաինացիների կողքին, և որ նրանք խիզախորեն պայքարում են իրենց երկիրը պաշտպանելու համար, և նրանք հաջողության են հասնում», – ասել է նախագահը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:

«Մինչ Պուտինը շարունակում է իր անողոք հարձակումը, Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցներն ու գործընկերները շարունակում են սերտորեն համագործակցել՝ Պուտինի նկատմամբ տնտեսական ճնշումը մեծացնելու և համաշխարհային ասպարեզում Ռուսաստանի մեկուսացումը խորացնելու համար։ Այսօր ՆԱՏՕ-ի և G7-ի մյուս դաշնակիցների՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Եվրոպական Միության հետ միասին մենք պատրաստվում ենք մի քանի նոր քայլերի մասին հայտարարել Պուտինի վրա ճնշումը մեծացնելու և նրան էլ ավելի պատասխանատվության ենթարկելու համար Ուկրաինայի դեմ նրա ագրեսիայի հետևանքով»,- ասել է Բայդենը։

Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահի հետ խոսում է «գրեթե ամեն օր»։

Վոլոդիմեր Զելենսկին այսօր թվիթերում գրել է. «Երկար խոսել եմ @POTUS-ի [Միացյալ Նահանգների նախագահի] հետ: Ես նրան ներկայացրեցի մարտի դաշտերում տիրող իրավիճակը, տեղեկացրեցի խաղաղ բնակչության դեմ Ռուսաստանի հանցագործությունների մասին։ Մենք պայմանավորվեցինք հետագա քայլերի մասին՝ Ուկրաինայի պաշտպանությանը աջակցելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ուժեղացնելու համար»։

Բայդենը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ-ը զորք չի ուղարկի Ուկրաինա։

«Մենք չենք պատրաստվում Ուկրաինայում Երրորդ համաշխարհային պատերազմ վարել», – ասել է Բայդենը՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի դաշնակիցների հանդեպ ԱՄՆ լիակատար աջակցությունը և խոստանալով, որ Միացյալ Նահանգները կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքի «ամեն թիզ»:

«Ուզում եմ հստակ ասել. մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Ուկրաինան զենք ունենա՝ ռուսական զորքերի ներխուժումից պաշտպանվելու համար: Եվ մենք գումար և պարենային օգնություն կուղարկենք՝ ուկրաինացիների կյանքը փրկելու համար։ Մենք գրկաբաց կընդունենք ուկրաինացի փախստականներին, եթե նրանք գան այստեղ»,- հավելել է նախագահը։

Բայդենը նաև շնորհակալություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամներին Ուկրաինային աջակցելու համար և ընդգծել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համատեղ աշխատանքի կարևորությունը Կրեմլին դիմակայելու հարցում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ