Բայդենը հանդես կգա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարեփոխելու առաջարկով

Աննա Կոստանյան 18.09.2023 - 13:29
18.09.2023 - 13:29 դիտում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր վերաժողովի 78-րդ նստաշրջանում իր ելույթում կհաստատի Վաշինգտոնի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդլայնելու ցանկությունը։ Այս մասին The Daily Telegraph-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Մենք հասկացրել ենք, որ կարծում ենք, որ ժամանակն է ուսումնասիրել Անվտանգության խորհրդի կառուցվածքը: Մենք կարծում ենք, որ այն պետք է լինի ավելի ընդգրկուն և համապարփակ», – ասել է նա:

Քիրբին նշել է, որ Բայդենն այս շաբաթ հանդես կգա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնման օգտին։ Ներկայումս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի հինգ մշտական անդամ՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Այս երկրներից յուրաքանչյուրը խորհրդում ունի վետոյի իրավունք:

Խորհրդի՝ աշխարհագրական սկզբունքով ընտրված 10 անդամն ունեն ոչ մշտական անդամի կարգավիճակ։ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս բարձրաձայնել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին։ Մասնավորապես, Բայդենը անցյալ տարի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ ասել էր, որ Վաշինգտոնն աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական և ոչ մշտական ներկայացուցիչների թվի ավելացմանը, այդ թվում՝ Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների հաշվին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն նաև աջակցում է Հնդկաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամի կարգավիճակ շնորհելուն։ Բացի այդ, ինչպես գրում է The Daily Telegraph-ը, ԱՄՆ-ն կցանկանար Գերմանիային ու Ճապոնիային տեսնել բարեփոխված Անվտանգության խորհրդում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ