Արցախցիներին հյուրընկալողներին աջակցելու ծրագիրը երկարաձգվեց 3 ամսով

Հրաչ Սահակյան 25.03.2021 - 12:51
25.03.2021 - 12:51 դիտում

Կառավարությունը փոփոխություն կատարեց պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման ծրագրում՝ եռամսյա ծրագիրը դարձնելով 6 ամսյա: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հիշեցրեց, որ ծրագիրը գործում է դեկտեմբերից և հավելեց, որ յուրաքանչյուր չափահաս բնակչի հաշվով նրանք ստանում են 45 հազարական դրամի չափով աջակցություն:

«Ամսական կտրվածքով աջակցություն է ստանում մոտավորապես 3 հազար հյուրընկալներ, որոնք հյուրընկալում են 7 հազարից ավելի չափահաս քաղաքացիների: Այս ծրագրում ընդգրկված արցախցիների ընդհանուր թիվը 15 հազար է: Դրանք այն քաղաքացիներն են, որոնք ժամանակավորապես գտնվում են Հայաստանում: Բացի այս ծրագրից, արցախցիների մի մասը ժամանակավոր բնակություն է հաստատել հյուրանոցներում: Այդ մասով նույնպես ունենք ծրագիր, փոխհատուցում ենք հյուրանոցների ծախսերը: Մի մասն էլ պետական հաստատություններում են բնակվում, որոնց ծախսերը նորից պետությունն է հոգում»,-ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այս պահին Հայաստանում բնակվում են 25-30 հազար արցախցիներ: «Արցախում հիմա բնակարանների վերակառուցման, վերանորոգման աշխատանքներ են ընթանում, որոնք ավելի ակտիվ թափ կստանան, արդեն փոքր խմբերով հետ են վերադառնում, հիմնականում Արցախի գյուղական բնակավայրեր»:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքը Հայաստանում և Արցախում այն քաղաքացիների մասին է, որոնք հյուրընկալել են բնակարանից զրկված արցախցիներին:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ