Արցախում փետրվարի 18-ից մեկնարկել է պարենային մի շարք ապրանքներ ձեռք բերելու համար նախատեսված կտրոնների տրամադրումը

18.02.2023 - 16:45 դիտում

Արցախի կառավարության տեղեկագիրը հրապարակել է հանրապետության շրջափակման 69-րդ օրվա լուրերը:

Շրջափակման պատճառով Արցախի բնակչությունը կանգնել է պարենի անբավարարության սուր խնդրի առջև, և կառավարությունը կիրառում է կտրոնային համակարգ՝ առաջնային նշանակության պարենային ապրանքները առավելագույնս համաչափ բաշխելու նպատակով։

Արցախի բնակիչները հնարավորություն ունեն Ստեփանակերտի և շրջանների խանութներից կտրոններով գնել շաքարավազ, բրինձ, հնդկաձավար, մակարոնեղեն, ձեթ, միրգ, բանջարեղեն, ձու, ինչպես նաև լվացքի փոշի՝ ըստ կառավարության սահմանած ժամանակացույցի։

Ստեփանակերտ քաղաքի 700 ընտանիքի տրամադրվել են փայտի վառարաններ, Ստեփանակերտի և շրջանների պոմպային ջրամատակարարման համակարգի համար ձեռք են բերվել և տեղադրվել դիզելային գեներատորներ և էլեկտրական մարտկոցներ, ինչը կանոնավոր էլեկտրաէներգիայի բացակայության պայմաններում կարևոր նշանակություն ունի համակարգի անխափան աշխատանքի համար:

Տեղեկագրում հրապարակվել է նաև օրվա թարմացված վիճակագրությունը.

  • 4 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
  • 9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
  • Արդեն 267 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
  • Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 670 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
  • Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 105 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
  • 755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
  • Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5 100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։

Ավելի քան 27 200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ