Արցախում Էլեկտրականության հովհարային անջատումները կիրականացվեն օրական 6 անգամ՝ նախկին 3-ի փոխարեն

Աննա Կոստանյան 10.02.2023 - 14:13
10.02.2023 - 14:13 դիտում

Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 61-րդ օրվա տեղեկագիրը փետրվարի 9-ի դրությամբ:

Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման հերթական արգելափակման պատճառով էլեկտրասնուցման օդային գծերի վրա ավելացված բեռը թեթևացնելու նպատակով, փետրվարի 9-ի ժամը 16։00-ից գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվել։

Նոր ժամանակացույցով կպահպանվի յուրաքանչյուր բաժանորդի օրական 6-ժամյա անջատումը, սակայն 3 անգամ 2-ական ժամ անջատման փոխարեն այսուհետ անջատումները կլինեն օրական 6 անգամ 1-ական ժամով։

Նոր ժամանակացույցը հնարավորություն կտա որոշ չափով նվազեցնել օդային գծերի վրա առկա բեռը՝ միևնույն ժամանակ թույլ տալով խուսափել կացարանների՝ երկար ժամանակով առանց ջեռուցման մնալուց։

Օրվա վիճակագրական թարմացումներ

  • 8 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
  • 9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
  • Արդեն 227 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
  • Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 620 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
  • Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 83 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
  • Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ