Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը հանդիպել է Կանադայից և Իսլանդիայից հասարակական քաղաքական գործիչների հետ

Հրաչ Սահակյան 2.11.2020 - 22:54
2.11.2020 - 22:54 դիտում

Նոյեմբերի 2-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է «Մեկ ազատ աշխարհ» (“One Free World”) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մաջեդ Էլ Շաֆիի և Իսլանդիայի խորհրդարանի անդամ, Կենտրոնական կուսակցության անդամ Բիրգիր Թորարինսոնի հետ:

Հանդիպման ընթացքում Արցախի ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ Արցախի դեմ ագրեսիան շարունակվում է սեպտեմբերի 27-ից Թուրքիայի և նրա կողմից Մերձավոր Արևելքից հակամարտության գոտի տեղափոխված միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ:

Մասիս Մայիլյանը նշել է, որ ներկայիս զինված հարձակումը վերջին 30 տարիների ընթացքում Արցախի Հանրապետության դեմ թվով երրորդ ագրեսիայի ակտն է, որը Արցախի խաղաղ բնակչության բնաջնջմանն ուղղված Ադրբեջանի պետական ​​քաղաքականության մի մասն է կազմում: Նախարարը, մասնավորապես, ընդգծել է, որ Ադրբեջանի զինված ուժերը դիմում են պատերազմի վարման արգելված մեթոդների և միջոցների. նրանք դիտավորյալ սպանում են ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական բնակիչներին, կիրառում են արգելված զինատեսակներ, այդ թվում՝ կասետային և ֆոսֆորային զինամթերք, և կանխամտածված հարձակում են գործում Արցախի խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների վրա:

Արտաքին գործերի նախարարը նշել է, որ 1991-1994թթ. և 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը նույնպես դիմել են պատերազմի վարման նման մեթոդների: Նրա խոսքով՝ Ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների անպատժելիությունը հանգեցրել է դրանց ծավալների և դաժանության աստիճանի աճին, քանի որ ադրբեջանական կողմի մոտ այն համոզմունքն է առաջացրել, որ նրան հետագայում ևս կհաջողվի խուսափել իրագործված բռնության ակտերի համար պատասխանատվությունից:

Արցախի ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի կոլեկտիվ և անհատական ​​իրավունքների համակարգված և լայնամասշտաբ խախտումները և ռազմական հանցագործությունները ոչ այլ ինչ են, քան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրագործված մարդկության դեմ հանցագործություն:

Այս կապակցությամբ, Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակից ամենաօպտիմալ և արդյունավետ ելքը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է, ինչը՝ Ադրբեջանի և նրա ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կոլեկտիվ և անհատական ​​պատժամիջոցների հետ զուգորդմամբ, կցուցադրի միջազգային հանրության վճռականությունը՝ թույլ չտալու մարդկության դեմ հանցագործությունների իրագործումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ