Արսեն Թորոսյանի անդրադարձը՝ հրավառությունների արգելքը սահմանող օրենքին

Աննա Կոստանյան 13.07.2023 - 16:41
13.07.2023 - 16:41 դիտում

Հարգարժա՛ն նախագահող, հարգելի՛ գործընկերներ,
Թվում է, թե մի սովորական հարց ենք քննարկում, բայց ես կարծում եմ, որ սա շատ քաղաքակրթական ենթատեքստ ունեցող հարց է, որովհետև այս հարցի ընդունումից հետո հանրային շահը վեր է դասվելու մասնավորի շահից։ Երբ մենք քնած երեխաներին, քրոնիկական հիվանդություններ ունեցող տարեցներին ահաբեկում ենք մեր ծննդյան, հարսանեկան, կնունքի արարողությունների ժամանակ րոպեական հաճույք ստանալու պատճառով, ես կարծում եմ, որ մենք չենք հարգում այդ մարդկանց և նրանց հանգիստ ապրելու իրավունքը։ Եվ փաստացի այս նախագծով փորձում ենք կարգավորել այդ հարցը և միայն շատ հազվադեպ և շատ կարևոր դեպքերում ենք խախտելու նրանց անդորրը՝ իհարկե սահմանված ժամերին։ Ես կարծում եմ, որ մենք սրանով ավելի քաղաքակիրթ երկիր ենք դառնալու։
Երկրորդը՝ մենք սրանով լուծելու ենք բազմաթիվ մանկահասակ երեխաների խեղումները կանխարգելելու հարցը, քանի որ հատկապես ամանորյա տոների ժամանակահատվածում տասնյակների են հասնում անդամահատված մատներով, վնասված աչքով կամ այլ օրգանների վնասվածքներով երեխաների ընդունելությունները մանկական հիվանդանոցներ, և ես կոչ եմ անում ծնողներին, անկախ այս նախագծից, արգելել երեխաներին առնչվել հրավտանգ նյութերի հետ։ Եվ իհարկե կանխարգելելու ենք մի ավելի մեծ խնդիր՝ տեխնածին աղետները։ Դժբախտաբար ունեցանք այդպիսի մի մեծ դեպք, և սրանով կարգավորելու ենք հրավտանք նյութերի ներմուծումը և պահպանումը։
Եվ առիթից օգտվելով՝ ուզում եմ կոչ անել բոլորիս այս օրենքը կիրառել հիմա, քանի որ դրույթներով այն ուժի մեջ է մտնելու վեց ամիս անց, բայց եկեք լինենք ինքներս պատասխանատու և քաղաքակիրթ և այն կիրառենք հենց այսօրվանից՝ չսպասելով 6 ամսվա ժամկետին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ