Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին

Աննա Կոստանյան 9.09.2021 - 13:17
9.09.2021 - 13:17 դիտում

ՀՀ պաշտպանության նախարարը սեպտեմբերի 9-ին ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին և Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան 102-րդ ռազմական բազայի հրամանատար, գնդապետ Դմիտրի Օվչարովին:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից՝ մանրամասնելով, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:

Հանդիպման սկզբում, պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, Արշակ Կարապետյանը շնորհավորել է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության ընթացքում:

Նախարարը ՌԴ 102-րդ ռազմական բազայի հրամանատարի պաշտոնում նշանակվելու առիթով շնորհավորել է նաև գնդապետ Դմիտրի Օվչարովին և  կարևորել  Հայաստանի տարածքում տեղակայված ռուսաստանյան ստորաբաժանման դերն ու նշանակությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է  գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը։

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ