Արման Բաբաջանյանը Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարության մասին

Աննա Կոստանյան 20.04.2022 - 13:31
20.04.2022 - 13:31 դիտում

Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հայտարարությունները ինքնին ոչինչ են, եթե դրանց հիմքով չի ծավալվում հետագա արդյունավետ դիվանագիտական-քաղաքական «սպասարկումը»: Ի վերջո, հայ-ռուսական բարձր մակարդակի համատեղ հայտարարության 30 կետերը գործնականում արտացոլում են ռեգիոնալ իրավիճակը վերահսկողության տակ պահելու Ռուսաստանի ձգտումը, հատկապես այն պարագայում, երբ Հարավային Կովկասը փաստացի մտել է այլևս բազմաֆորմատ աշխարհաքաղաքական մրցակցության փուլ:
Ռուսաստանի այդ ձգտումը Հայաստանի համար պարունակում է թե հնարավորություններ, թե բնականաբար ռիսկեր:
Հարաբերակցության «որակն» այստեղ բնականաբար պայմանավորված է հենց այն դիվանագիտական-քաղաքական աշխատանքից, որ կկարողանա իրականացնել Հայաստանի կառավարող ուժը:
Եվ թերևս անկասկած է այն, որ համատեղ հայտարարության ամբողջ սպեկտրը վեր է այդ ուժի արդյունավետ «սպասարկման» ներուժից, թերևս օբյեկտիվորեն, ընդ որում, ըստ էության նաև Հայաստանի որևէ քաղաքական միավորի ներուժից:
Այդ իմաստով, հնարավորությունների ու ռիսկերի հարաբերակցության մեզ համար շահեկան որակ ստանալը թերևս կախված է լինելու այն բանից, թե կառավարությունը որքանով հմտորեն կկարողանա այդ աշխատանքում տարբեր մեխանիզմներով ու խողովակներով ներգրավել ընդգրկուն ներուժ, գուցե նույնիսկ հարկ եղած դեպքում կանգնելով ներքաղաքական հաշվարկներից վեր, քանի որ իրադրությունն աշխարհում և ռեգիոնում իրապես բախտորոշ է, իսկ Ռուսաստանն այդ համատեքստում «վա-բանկ» գնացող»,- գրել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ