Արթուր Գրիգորյանի մահը մեծ կորուստ է, բայց նրա ազդեցությունն ու ներդրումն անշրջելի են հայկական էստրադայի զարգացման գործում. ՀՀ վարչապետ

Աննա Կոստանյան 4.02.2022 - 17:13
4.02.2022 - 17:13 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի անժամանակ մահվան մասին:

Անգնահատելի է պարոն Գրիգորյանի ներդրումը հայ երգարվեստի զարգացման գործում: Նա հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, որոնք մեր հարուստ մշակութային ժառանգության կարևոր մասն են: Արթուր Գրիգորյանը Հայաստանի երգի պետական թատրոնում ունեցել է բեղմնավոր գործունեություն, որը էստրադային երգարվեստին տվել է բազմաթիվ երիտասարդ կատարողներ, որոնք իրենց արժանի տեղն են զբաղեցնում մեր երգարվեստում:

Տաղանդների հայտնաբերման գործում պարոն Գրիգորյանի կազմակերպած «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերի դերակատարումը դժվար է գերագնահատել։

Արթուր Գրիգորյանի մահը մեծ կորուստ է, բայց նրա ազդեցությունն ու ներդրումը անշրջելի են հայկական էստրադայի զարգացման գործում:

Խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և երկրպագուներին ու կիսում նրանց վիշտը»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ