Արա Այվազյանը ցավակցել է ղրղզ և տաջիկ գործընկերներին սահմանային միջադեպի ժամանակ մարդկային զոհերի կապակցությամբ

Գոհար Ստեփանյան 4.05.2021 - 19:49
4.05.2021 - 19:49 դիտում

Մայիսի 4-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի և Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է կենտրոնասիական տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի կարևորությունը: Կողմերը հույս են հայտնել, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ապագայում կանխել սահմանային բախումները։ Արա Այվազյանը ցավակցություն է հայտնել սահմանային միջադեպի ժամանակ արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի, որոնք արծարծվել էին ԱՊՀ նախարարական նիստի շրջանակում ապրիլի 2-ին կայացած հանդիպման ժամանակ:

Տաջիկստանի ԱԳ նախարարի հետ նույնպես քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության շրջանակում առաջիկա միջոցառումների շուրջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ