Արարատ Միրզոյանը կարևորել է ՌԴ միջնորդական ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը

3.04.2022 - 12:02 դիտում

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական հարաբերություններն անցած երեք տասնամյակների ընթացքում անշեղորեն զարգացել են երկու երկրների եղբայրական ժողովուրդների բազմադարյա բարեկամության ու փոխօգնության ամուր հիմքի վրա՝ առանձնանշելով դրանք խորացնելու փոխադարձ պատրաստակամությունը՝ դեպի 21-րդ դար միտված դաշնակցային  փոխգործակցության ոգուն համահունչ:

Նախարար Միրզոյանը կարևորել է Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: ՀՀ ԱԳ նախարարի համոզմամբ՝ երկու երկրների դիվանագիտական ծառայությունների սերտ փոխհամագործակցությունը հետայսու ևս միտված է լինելու միջպետական հարաբերությունների ոլորտներում ՀՀ և ՌԴ դաշնակցության առավել խորացմանը, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, շնորհավորանքներ հղելով Հայաստանի ԱԳ նախարարին, իր հերթին նշել է, որ 30-ամյա հոբելյանը կարևոր հանգրվան է երկու երկրների եղբայրական ժողովուրդների բարեկամական կապերի զարգացման համար: Երեք տասնամյակների ընթացքում Ռուսաստանին և Հայաստանին հաջողվել է կառուցել իրական ռազմավարական փոխգործակցություն, որն ընդգրկում է ուղղությունների ամենալայն շրջանակ: Ստեղծվել է երկկողմ համագործակցության իրավապայմանագրային պատկառելի հենք, ձևավորվել են վերջինիս հետևողական առաջմղման արդյունավետ մեխանիզմներ: Նախարար Լավրովը վստահություն է հայտնել, որ այս հոբելյանը նոր խթան կհաղորդի արգասաբեր գործընկերության հետագա ընդլայնմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ