Արարատ Միրզոյանը Անդրեա Վիկտորինի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանցիների կողմից իրականացվող սադրիչ գործողություններն

Աննա Կոստանյան 7.09.2021 - 15:14
7.09.2021 - 15:14 դիտում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինին։

Ինչպես ԱԳՆ-ից տեղեկացնում են «Արմենպրես»-ին, զրուցակիցներն անդրադարձ են կատարել ընդհանուր արժեքների և փոխադարձ հավակնությունների վրա հիմնված ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական զարգացմանը ու օրենքի գերակայության ապահովմանը:

Նրանք կարևորել են քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, կրթության, տրանսպորտի, էներգետիկ և բնապահպանության ոլորտներում փոխգործակցության խթանումը: Նախարար Միրզոյանը և դեսպան Վիկտորինը հատկապես շեշտել են Հայաստանի հարավում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը:

«Առանձնահատուկ ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման և վերջինիս ընձեռած համագործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության «Ետ-2020» տեսլականի, ինչպես նաև Արևելյան գործընկերության գալիք գագաթաժողովի աշխատանքների իրականացման շուրջ»,- հայտնում են դիվանագիտական գերատեսչությունից:

Նախարար Միրզոյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողություններին, որոնք լուրջ սպառնալիք են տարածաշրջանի անվտանգությանը և կայուն զարգացմանը:

Կողմերն անդրադարձ են կատարել 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար խնդիրներին։ Այս համատեքստում ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման խնդրի հրատապությունը։

Նախարար Միրզոյանը նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի վերսկսումը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ