Արայիկ Հարությունյանը Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչներին է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը

10.12.2022 - 14:49 դիտում

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը, որը կազմակերպել էր Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի (CCAF) Մարսելի տեղական կառույցը, տեղի է ունեցել Մարսելի Սրբոց Թարգմանչաց առաքելական մայր եկեղեցու վարչական կենտրոնում:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մարսելի հայ համայնքին մշտապես Արցախի կողքին լինելու համար՝ նշելով, որ ֆրանսահայերն առանցքային դերակատարություն ունեն ֆրանսիական իշխանությունների հետ կապերի զարգացման հարցում:

Նախագահ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը, սոցիալ-տնտեսական կարիքները, ինչպես նաև այն ծրագրերը, որոնք ուղղված են պատերազմի հետևանքով բռնի տեղահանված անձանց, ենթակառուցվածքային ռազմավարական խնդիրների լուծմանը, բնակչության բնականոն կենսագործունեության համար բավարար պայմանների ստեղծմանը:

Հանդիպման ընթացքում Հարությունյանը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ