«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Արցախում 75 ծրագիր է կյանքի կոչել

2.05.2021 - 12:12 դիտում

Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Արցախին։ Այս մասին հայտնեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար, տիկին Նիկոլա Ստանիշը՝ «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով համաժողովի բացմանը։

«Արցախում՝ 50 տեղական և միջազգային գործընկերների հետ, ամբողջությամբ իրականացվել կամ ընթացքում է ընդհանուր առմամբ 75 մարդասիրական ծրագիր»,-հայտնեց Ստանիշը։

Այդ ծրագրերից մասնավորապես 45-ն արդեն ավարտվել է, իսկ 30-նն ընթացքում է։

«Ավրորան՝ Արցախին» նախագծի շրջանակում իրականացվել են ենթակառուցվածքների, առողջապահական, հրետակոծված կրթօջախների վերականգնման, պատերազմից տուժածներին կացարանով ապահովելու և բնակարանների վերանորոգման աջակցության ծրագրեր։ Դրանցից մասնավորապես 46-ն անհապաղ մարդասիրական օգնության նախագիծ է եղել, 16-ը՝ սոցիալական և ձեռնարկատիրական զարգացման, 13-ը՝ ենթակառուցվածքների վերականգնման նախագծեր։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանն իր խոսքում համոզմունք հայտնեց, որ «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով համաժողովի քննարկումները կբարձրացնեն աջակցության ծրագրերի համադրման, հասցեականության ու արդյունավետության մակարդակը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ