Ավտոմեքենան մոտ 15 մետր գլորվել է ձորը. հոսպիտալացվել է 4 զինծառայող․ ՔԿ

Աննա Կոստանյան 16.03.2023 - 14:45
16.03.2023 - 14:45 դիտում

2023թ․ մարտի 15-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող, որոնցից երեքի վիճակը եղել է բավարար, մեկի վիճակը՝ միջին ծանրության։

Նախնական տվյալներով վերջիններս վնասվածքներն ստացել են մարտի 15-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Սիսիան-Իշխանասար ճանապարհի 3 կմ հատվածում նրանցից մեկի կողմից վարած Մերսեդես CLK 320 մակնիշի ավտոմեքենայով՝ մեքենայի կառավարումը կորցնելու հետևանքով ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս գալու և դաշտամիջյան հատվածում մոտ 15 մետր գլորվելու հետևանքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև դատաավտոտեխնիկական փորձաքննություն:

Ավտոմեքենայի վարորդը ենթարկվել է սթափության զննման, ըստ որի վերջինիս օրգանիզմում ալկոհոլ չի հայտնաբերվել:

Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի հանգամանքները պարզվում են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմանում Mercedes մակնիշի ավտոմեքենան Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ