Ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել. սրտանոթային հիվանդությունների հարցերն օրակարգում

Աննա Կոստանյան 23.09.2022 - 14:43
23.09.2022 - 14:43 դիտում
Սրտանոթային հիվանդությունների կանխարգելման և բուժման հարցերն առողջապահական առաջնահերթ խնդիրներից են: Ոլորտի մասնագետներին մեկ հարկի տակ է համախմբել սրտանոթային հիվանդությունների, այդ թվում` սրտային անբավարարության հարցերին նվիրված երկօրյա ամենամյա գիտաժողովը: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Անդրադառնալով առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մեր երկրում մահացության դեպքերի տարեցտարի աճին` առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդգծել է, որ առողջապահության նախարարությունն առաջնորդվում է «ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել» սկզբունքով` ներկայացնելով մի շարք պետական ծրագրեր, որոնք միտված են սրտանոթային հիվանդություններով պայմանավորված բնակչության մահացության նվազեցմանը:
«Սքրինինգային ծրագիր, որի շրջանակներում 35-68 տարեկան բոլոր քաղաքացիները առաջնային օղակում կարող են անվճար հետազոտվել` զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերման նպատակով: «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» կամ բոլորիս հայտնի Stent for Life՝ կյանք փրկող ծրագիր, որը վերջին տարիներին ընդլայնվել է, և որի շրջանակներում մատուցվել է սրտի անհետաձգելի վիրահատական շուրջ 14 հազար ծառայություն: Գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժման ծրագիր, որի շնորհիվ 3 տարում կարողացել ենք փրկել շուրջ 1300 կյանք»,- նշել է Արտակ Ջումայանը և փաստել, որ, կարևորելով ոլորտի զարգացման և բարելավման անհրաժեշտությունը, 2022 թվականի փետրվարին ստեղծվել է սրտանոթային հիվանդությունների բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհուրդ, որի կազմում ընդգրկված են հանրապետության լավագույն մասնագետները:
Սրանք այն առանցքային քայլերն են, որոնք նպաստելու են արյան շրջանառության համակարգի/սրտանոթային հիվանդություններից մահացության և հաշմանդամության նվազեցմանը, և ամենակարևորը` բնակչության առողջության բարելավմանը:
Երկօրյա հանդիպման ընթացքում մասնագետները հնարավորություն կունենան քննարկելու սրտանոթային հիվանդությունների ախտորոշման, բուժման և շարունակական հսկողության արդի և նորարարական մոտեցումները:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ