Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

Գոհար Ստեփանյան 3.04.2021 - 10:46
3.04.2021 - 10:46 դիտում
Ավագ շաբաթ օրը հիշատակվում է Հիսուսի թաղումը և գերեզմանի կնքվելը: Քրիստոս Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից, փաթաթվում պատանքով ու դրվում գերեզմանի մեջ: Վերջինիս մուտքը փակում են մի մեծ քարով: Եվ քանի որ ըստ հրեական օրենքի շաբաթ էր, աշակերտները հեռանում են գերեզմանից այն հույսով, որ հաջորդ օրը կվերադառնան, կխնկարկեն և կօծեն Հիսուսի մարմինը: Քրիստոս գերեզման դրվելով` իջնում է դժոխք և ավերում այն, իսկ երրորդ օրը հարություն է առնում, ինչպես որ Ինքն էր ասել:
Սուրբ Ծննդյանը, ինչպես նաև Սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Ճրագալույցի պատարագը արդեն իսկ մեզ ամբողջությամբ մուտք գործել է տալիս Հարության խորհրդի մեջ: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում է Սուրբ Պատարագ: Հայ Եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարվում՝ սուրբ Ծննդյան և սուրբ Հարության նախատոնակներին: Վերջում ներկաները խորանի կանթեղից վառում են իրենց մոմերը և տանում իրենց տները՝ լուսավորելու համար աշխարհը լուսավորող Քրիստոսի լույսով: Ճրագալույցի Պատարագով սկսվում է Սուրբ Հարության տոնը:
Սուրբ Հարության ավետիսով ավարտվում է 48 օր առաջ սկսված Մեծ պահքը, որը լուծվում է ձկով, հավկիթով և չամիչով փլավով:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ