Առողջապահական տեղեկատվական համակարգի զարգացման առումով Հայաստանը բավականին լավ ցուցանիշներ ունի

3.09.2022 - 16:49 դիտում

ԱՀԿ եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի փորձագետների խումբը Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացրել է առողջապահական տեղեկատվական համակարգի հիմնական բաղադրիչների համապարփակ գնահատում, պատրաստել զեկույց, որի նպատակը Հայաստանում էլեկտրոնային առողջապահության և առողջապահական տեղեկատվական համակարգերի զարգացմանն աջակցելն է:

Այն ներառում է ներկայիս վիճակը, ուժեղ, թույլ կողմերը, ռիսկերը և փորձագետների առաջարկությունները` հետագա անելիքների մասին:
Հաշվետվությունը կազմելիս ԱՀԿ փորձագետներն աշխատել են ՀՀ առողջապահության նախարարության, ԱՆ ԱԱԻ-ի, ՀՎԿԱԿ-ի, և «Արմեդ» Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի հետ:
«Էլեկտրոնային առողջապահության ներդրումը առողջապահության նախարարության առանցքային ուղղություններից է: Այն ուղղված է նախ բուժաշխատողի և բուժառուի կյանքը հեշտացնելուն, նաև տվյալները գիտական նշանակությամբ օգտագործելու համար, ուստի այս ամփոփ հաշվետվությունը կօգնի ոլորտում իրականացվող բարեփոխումների հարցում»,- փորձագետների և շահագրգիռ կողմերի հետ հանդիպմանը նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:
ԱՀԿ փորձագետները նշել են, որ առողջապահական տեղեկատվական համակարգի զարգացման հարցում Հայաստանը, ընդհանուր առմամբ, լավ ցուցանիշներ ունի, ուժեղ կողմերից են ենթակառուցվածքների զարգացումը, տվյալների աղբյուրները և բժշկական էլեկտրոնային քարտերի վարումը:
Միաժամանակ, փորձագետները ներկայացրել են մի շարք առաջարկություններ։
Հանդիպման արդյունքում համագործակցությունը շարունակելու և ոլորտի բարեփոխումների ուղղությամբ միասնաբար աշխատելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ