Առաջնահերթ է գերեվարված անձանց վերադարձը. Ռումինիայի արտգործնախարար

Աստղիկ Խաչատրյան 26.06.2021 - 19:04
26.06.2021 - 19:04 դիտում

Հարավային Կովկասի տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար: Այդ մասին Թբիլիսիում ԵՄ պատվիրակության գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն:

Ամփոփելով Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, կատարած այցերը՝ նա ընդգծեց, որ սա եվրոպական երկրների արտգործնախարարների առաջին համատեղ այցն է Արևելյան գործընկերության երկրներ, որը լիազորել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելը:

«Կարծում եմ՝ սա հաջողված փորձ էր»,- նշել է Աուրեսկուն: Նա ասել է, որ այցերի ընթացքում փոխանցել են ԵՄ և անդամ պետությունների համերաշխության ուղերձները:

«Միևնույն ժամանակ, մենք փոխանցեցինք ԵՄ հանձնառությունները՝ առաջնահերթ համարելով հարավկովկասյան բոլոր երեք պետությունների անվտանգությունը, կայունությունն ու բարօրությունը, ինչպես նաև ԵՄ վճռականությունը՝ ավելի ակտիվ ներգրավվելու տարածաշրջանի ձգձգված հակամարտությունների կարգավորման գործընթացում, քանի որ դա միության համար ռազմավարական նշանակություն ունի»,- հայտարարել է Ռումինիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների մասին Բոգդան Աուրեսկուն նշեց, որ դրանք բացասաբար են ազդել ԵՄ արևելյան գործընկերության երկրների զարգացման վրա, տասնամյակներ շարունակ խոչընդոտել են այդ երկրների զարգացմանը, բացասաբար են ազդել տարածաշրջանային անվտանգության ու կայունության վրա, սոցիալ-տնտեսական դժվարություններ են առաջացրել այդտեղ բնակվող անձանց համար:

«Տվյալ համատեքստում հատկապես կարևոր է մոբիլիզացնել ԵՄ ուշադրությունն այս հարցում՝ հստակեցնելու լավագույն ուղիները՝ օգտագործելու ԵՄ գործիքակազմը և համագործակցության ձևաչափերը՝ աջակցելու տուժած երկրներին»,- ասել է Աուրեսկուն:

Նա հորդորել է Հարավային Կովկասի իրենց գործընկերներին՝ լավագույնը քաղել ԵՄ Արևելյան գործընկերության գործիքակազմից՝ ուժեղացնելու տարածաշրջանային համագործակցությունը՝ հանուն խաղաղության, բարօրության և ի շահ ժողովուրդների:

«Երեք երկրներն իրենց աջակցությունը հայտնեցին տարածաշրջանային հնարավոր ձևաչափի ստեղծմանը, որի կազմում կլինեն երեք պետությունները»,- հայտարարել է նախարարը:

Նա շեշտել է, որ երեք մայրաքաղաքներում առարկայական և արդյունավետ բանակցություններ են ունեցել բարձր ղեկավարության հետ: Հայաստան կատարած այցի մասին Ռումինիայի ԱԳ նախարարը նշել է, որ նախարարները շնորհավորել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ՝ բարձր գնահատելով ընտրությունների լավ կազմակերպվածությունն ու ժողովրդավարական բնույթը՝ ինչպես արձանագրել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և այլ դիտորդական խմբերը: «Ես ընդգծեցի, որ արդեն նախկին կառավարության կողմից երկրի ժողովրդավարացմանն ու մոդեռնիզացմանն ուղղված բարեփոխումների գործընթացը պետք է Հայաստանի համար նոր ռազմավարական առաջնահերթություն դառնա»,- ասաց նախարարը:

Ռումինիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանում և Ադրբեջանում խորքային քննարկումներ են ունեցել ներկա իրադրության և առաջիկա անելիքների վերաբերյալ՝ հաշվի առնելով նախորդ տարվա ռազմական գործողությունները: «Մենք կոչ արեցինք գործել կառուցողական ոգով, վերակառուցել վստահությունը, քանի որ վստահության կառուցման միջոցները, որոնց շարքում են բոլոր գերիներին ազատ արձակելը, ականապատված բոլոր տարածքների քարտեզները հանձնելը, շարունակում են առաջնահերթություն մնալ: ԵՄ-ն շարունակելու է աջակցել նման զարգացումներին: Մենք պատրաստակամություն հայտնեցինք ցանկացած դիմումի պարագայում աջակցել բոլոր հարցերում, որոնք կարող են հանգեցնել խնդիրների բանակցային, կայուն և տևական կարգավորմանը: Ես ընդգծեցի երկու հասարակությունների միջև հաշտեցման կարևորությունը, այս գործընթացը երկար ժամանակ ու ջանքեր է պահանջում, սակայն այլընտրանք չկա»,- հայտարարել է Ռումինիայի ԱԳ նախարարը:

Նա ընդգծել է, որ իր երկիրը սատարում ու կարևորում է Արևելյան գործընկերության երկրներում անվտանգությունն ու կայունությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ