Առաջիկա տարիներին նախատեսվում է վերակառուցման, հիմնանորոգման և կառուցման աշխատանքներ իրականացնել 300 դպրոցներում

Աննա Կոստանյան 30.11.2023 - 17:37
30.11.2023 - 17:37 դիտում

Կառավարությունը հաստատել է «Մինչև 2026 թ.-ը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը և սահմանել ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները: Ըստ այդմ, նախատեսվում է ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացում՝ ենթակառուցվածքների՝ շենքային պայմանների, ենթակառուցվածքների բարելավման միջոցով: Դպրոցական շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների պատշաճ ապահովման նպատակով առաջիկա տարիներին նախատեսվում է վերակառուցման, հիմնանորոգման և կառուցման աշխատանքներ իրականացնել 300 դպրոցներում։ Գործողությունների ծրագրով նախատեսվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում, այդ թվում՝ սեյսմիկ անվտանգության ապահովում, փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող բնակավայրերում մոդուլային դպրոցական շենքերի կառուցում, ըստ անհրաժեշտության՝ հիմնանորոգման, վերակառուցման այլ աշխատանքներ: Մինչև 2030թ. նման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել 400 դպրոցում (2026թ. թիրախը` 300 դպրոց): 300 դպրոց ծրագրի նպատակն է՝ ապահովել որակյալ կրթական ծառայությունների հասանելիությունը ՀՀ բոլոր մարզերերում և Երևանում։ Առաջնահերթություն է բոլոր դպրոցներում լաբորատոր ենթակառուցվածքների ստեղծումը, ինչը կարող է լավ նախադրյալ լինել բնագիտական ուղղությամբ կրթության որակի և արդյունավետության բարելավման համար՝ նոր չափորոշչով կարողունակությունները զարգացնելու վրա հիմնված կրթություն իրականացնելու նպատակով։ Առանձին խնդիր է դպրոցներում մարզադահլիճների և խաղահրապարակների առկայությունը, դրանց բավարար վիճակը և հագեցվածությունը անհրաժեշտ գույքով։ Կրթության որակի բարձրացմանը նպաստող գործոնները բազմազան են և փոխլրացնում են միմյանց, որոնցից էական նշանակություն ունի հատկապես հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը, ապահով և անվտանգ միջավայրի ստեղծումը, նոր գույքով, սարքավորումներով հագեցումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ