Ներկայացված նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասը, որով սահմանված է՝ պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը սեփականության իրավունքով անհատույց կարող են տրամադրվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, եկեղեցիների եւ եկեղեցապատկան կառույցների շինարարության եւ դրանց սպասարկման համար:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայում իրականացվում է պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի նպատակային եւ արդյունավետ օգտագործման ուղղությամբ քաղաքականություն եւ փոփոխությունն անհրաժեշտ է դիտարկել այս համատեքստում. ներկայացնելով «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը: Զեկուցողը նշել է, որ փոփոխությունը տարածվելու է միայն օրենքն ընդունվելուց հետո ծագող իրավահարաբերությունների վրա:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է փետրվարի 10-ի ԱԺ հերթական նիստում:
